ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԾԱՅՐԱՀԵՂ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՕՐԹՈԴՈՔՍ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐ

ԾԱՅՐԱՀԵՂ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՕՐԹՈԴՈՔՍ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐ
15.01.2010 | 00:00

Անշուշտ, տարեսկզբի քաղաքական գլխավոր ինտրիգը, ընդ որում, գլոբալ առումով, ՈՒկրաինայի նախագահական ընտրություններն է։ Դրանք տեղի կունենան առաջիկա կիրակի օրը։ Այս ընտրական գործընթացը կարևորվում է ոչ միայն այն առումով, թե ինչ տեղի կունենա աշխարհաքաղաքական տեսանկյունից Արևմուտքի և Արևելքի միջև գտնվող այս երկրում, այլև որքանով հնարավոր կլինի իրագործել սլավոնական ընդհանրության պահպանման վերջին փորձը` Մոսկվա կենտրոնով։
Անշուշտ, պակաս կարևոր չէ, թե որքանով հետընտրական ՈՒկրաինայում ժողովրդականություն կվայելի «Հետ դեպի ԽՍՀՄ» կարգախոսը։ Որոշ փորձագետների բավականին արդարացի դիտարկումներից ելնելով, այս ընտրություններն ՈՒկրաինայում նշանակալի են լինելու բոլոր նախկին խորհրդային հանրապետությունների համար ոչ միայն ժողովրդավարության հաստատման տեսանկյունից, այլև թե որքանով Մոսկվան կկարողանա պարտադրել իր շահերը «մերձավոր արտասահմանի» պետություններին։
Ինչպես եղել է արդեն ոչ մեկ անգամ, ուկրաինական նախագահական ընտրությունների նախընտրական արշավը հիմք է տալիս մտածելու, որ դրանք կլինեն հետաքրքիր, կրքերի բորբոքման առումով խիստ դրամատիկ, կանցնեն բոլորովին այլ իրավիճակում, քան 5 տարի առաջ` «նարնջագույն հեղափոխության» ժամանակներում։ 2004-2005-ի բուռն նախընտրական տրամադրություններն այլևս չկան, այդ մթնոլորտը մեռավ հետագայում տեղի ունեցած քաղաքական ռեպրեսիաների, կոռուպցիայի աճի, չհաղթահարվող տնտեսական ճգնաժամի հետևանքով։ Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ միջինացված ցուցանիշներով ՈՒկրաինայի բնակչության 74 տոկոսը կարծում է, որ երկիրը մտել է անկայունության փուլ, և այդ իմաստով իսկապես դժվար է կանխատեսել, թե ով կհաղթի։ Քաղաքական գործիչների եռամսյա մարաթոնը քիչ լավատեսություն է ներշնչել ընտրողներին։ Խիստ կասկածելի է, որ կձևավորվի կոնսենսուս քաղաքական գործիչների ու հասարակության միջև։ Ըստ այդմ, «կոմպրոմատների պատերազմին» բնորոշ դրսևորումները սկսել են ռեկորդներ գրանցել։
Կան նաև այլ առանձնահատկություններ։ Նյութատեխնիկական ապահովվածության առումով, շատ դիտորդներ կարծում են, որ այս ընտրություններն ամենավատն են։ Ավելին, ընտրողների մինչև 8 տոկոսը պատրաստ է վաճառելու իր ձայները։ Առավել նախանձախնդիրները նույնիսկ ինտերնետով աճուրդ են հայտարարել, ուր մեկ ձայնի արժեքը տատանվում է 50-100 դոլարի սահմաններում։ Բավականին սկանդալային իրավիճակ է միջազգային դիտորդների հետ կապված. քվեարկությունից փաստորեն մի քանի օր առաջ ՈՒկրաինայի ԿԸՀ-ն չգրանցեց Վրաստանից ժամանած դիտորդների բավականին մեծ պատվիրակությանը` պատճառաբանելով դա պատկառելի ներկայացուցչականությամբ` 2011 մարդ։ Իսկ Ռուսաստանի դիտորդական պատվիրակությունն ընդհանրապես չի հրավիրվել` ֆինանսական դժվարություններից ելնելով։ Այսպիսով, ՈՒկրաինայի նախագահական ընտրություններում միջազգային դիտորդների քանակը կլինի 4 անգամ քիչ, քան 2004-ի վերջին- 2005-ի սկզբին։
Ինչ վերաբերում է առաջադրված թեկնածուներին, ապա քվեաթերթիկում նախագահ դառնալու 18 գրանցված հավակնորդների շարքում կարելի է գտնել ում ցանկանաս, ծայրահեղ ազգայնականներից մինչև օրթոդոքս կոմունիստներ։ Թերևս, ամենամեծ նորությունը Վասիլի Պրոտիվսիխի առաջադրումն է, ինչն ուկրաիներեն նշանակում է բոլորին դեմ։ Պակաս կատակերգական չէր և այն, որ Յուլյա Տիմոշենկոն 13-րդն է բոլոր թեկնածուների մեջ և դատարանի միջոցով հասավ այն բանին, որ համարակալումը վերացվեց։ Արդյունքում գործող վարչապետը միգուցե և ազատվեց այն տհաճություններից, որ կանխատեսում էր այդ «սատանայական» թիվը։ Ի դեպ, ուկրաինական ԶԼՄ-ներում բազմիցս նշվել է, որ Յուլյա Վլադիմիրովնայի թիմում աշխատում են բազմաբնույթ էքստրասենսներ, ովքեր իբր փորձում են ազդել ընտրողների վրա, և իբր վարչապետն ինքն էլ չի խորշում ընտրողներին զոմբիացնելու տարաբնույթ միջոցներից։ Եվ սա, անշուշտ, ամենասարսափելի մեղադրանքը չէ, որ առանց ամոթի հնչեցվում է այս թեկնածուի հասցեին։ Վերջին ամսվա ընթացքում գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն պաշտոնական քարոզարշավը սկսեց նրանից, որ վարչապետին մեղադրեց 6 մլրդ գրիվնա պետական փողերի յուրացման և դրանք սեփական ընտրարշավում օգտագործելու մեջ։ «Նա երթևեկում է երկրով ինչպես Ձյունանուշիկ ու նվերներ բաժանում,- հայտարարեց Յուշչենկոն և ավելացրեց,- երբեք չի դառնա իսկական ուկրաինուհի։ Նույնիսկ Յանուկովիչից ավելի հեշտ է ուկրաինացի սարքել»։
Ինչպես և սպասելի էր, «նարնջագույն հեղափոխության արքայադուստրը» տակ չմնաց և նախագահին հիշեցրեց այն ամենը, ինչ հնարավոր է հիշեցնել 5 տարվա ընթացքում կառավարման բավականին բացասական արդյունքներ կուտակած մարդուն։ Սակայն վարչապետ Տիմոշենկոյի հիմնական քննադատությունն ուղղված է իր գլխավոր մրցակցի` «մաֆիոզ-կլանային համակարգի ներկայացուցիչ» Վիկտոր Յանուկովիչի և նրա շրջապատի դեմ։ Ինչպես հայտնի է, ՈՒկրաինայի «Տարածաշրջանների կուսակցության» ղեկավարը միաժամանակ ներկայացնում է երկրի արևելյան մասում գործող խոշոր արդյունաբերողների շահերը և վայելում է բանկիր ու մետալուրգիական մագնատ Ռինատ Ահմեդովի աջակցությունը։ Վերհիշել են նույնիսկ Յանուկովիչի ոչ այնքան փայլուն անցյալը, երբ նա իբր եղել է բեռնատարի վարորդ (բնորոշ հանգամանք ԱՊՀ շատ երկրների գործիչների համար), պատանեկության տարիներին երկու անգամ դատվել է գողության և մարմնական վնասվածք հասցնելու համար։ Անշուշտ, «Տարածաշրջանների կուսակցության» ղեկավարն իր հերթին փորձում է փրկել սեփական հեղինակությունը և այդ պայքարում օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները։ Այսպես, թերևս ոչ պատահաբար, վարչապետի նախկին օգնականներից մեկը հայտարարեց, որ դեռևս 1995-ի գարնանը Յուլյա Վլադիմիրովնան առաջին անգամ հայտնվել է ճաղերի հետևում, երբ փորձ է արել Ռուսաստանից դուրս բերել խոշոր չափի գումար։ Դրանից հետո իբր տեղի է ունեցել ձերբակալությունների մի ամբողջ շարք։ Կան պնդումներ, որ Տիմոշենկոն բազմիցս կաշառքներ է տվել ՈՒկրաինայի նախկին փոխվարչապետ և վարչապետ Պավել Լազարենկոյին, և իբր այդ գումարը կազմում է 87 մլն դոլար։ Եղել են և այլ դեպքեր, մասնավորապես ռուսական պաշտպանության նախարարության պատասխանատու անձանց կաշառելու փորձեր, և այդ գործն իբր փակվել է Պուտինի անձնական հրահանգով, ինչը հիմք է դարձել Ռուսաստանի և ՈՒկրաինայի վարչապետների միջև «փոխադարձ ջերմ հարաբերությունների հաստատման»։
Սակայն, այդքանով հանդերձ, հաղթելու հիմնական հավակնորդ Վիկտոր Յանուկովիչը հրաժարվեց իր հիմնական մրցակից Յուլյա Տիմոշենկոյի հետ հեռուստաբանավեճին մասնակցելուց։ Նա բավարարվեց հայտարարությամբ, թե պատրաստ է մրցակցել գործով, ոչ թե գեղեցիկ խոսքերով, սակայն դրանով իսկ հնարավորություն ընձեռեց մեղադրելու իրեն վախկոտության ու բազմաթիվ այլ մեղքերի մեջ։ Դրանից հետո Յանուկովիչը հիմնականում հանդես է գալիս «ՈՒկրաինա» հեռուստաալիքով, որի տերը նրա հովանավոր Ռինատ Ահմեդովն է։ Բոլոր այս բացասական զարգացումներին զուգահեռ, սակայն, նկատելի են նաև դրական տեղաշարժեր։ Մասնավորապես ուկրաինական ԿԸՀ-ն հանրապետության նախագահին դիտողություն արեց, որ նա պետական հեռուստաընկերության եթերն անհարկի օգտագործում է սեփական նախընտրական արշավի համար, հանգամանք, որ անհնար է պատկերացնել որևէ այլ հետխորհրդային երկրում։
Ինչևէ, նախընտրական մարաթոնը, լավ թե վատ, մոտեցավ ավարտին, և սկսեց ուրվագծվել որոշակի հեռանկար։ Վերջին հարցումների համաձայն` Վիկտոր Յանուկովիչի օգտին պատրաստ է քվեարկելու ընտրողների 34 տոկոսը, իսկ Յուլյա Տիմոշենկոյի օգտին` առայժմ միայն 19 տոկոսը։ Սակայն դրան զուգահեռ չպետք է մոռանալ, որ վարչապետն ունի վարչական ռեսուրսի գործադրման հնարավորություն։ Մյուս թեկնածուները շատ ավելի քիչ ձայներ կստանան։ Դեռ մի քանի շաբաթ առաջ համարվում էր, որ այս ընտրարշավի «մոխրագույն ձիուկը» դառնալու շանսեր ունի ՈՒկրաինայի Գերագույն ռադայի նախկին նախագահ Արսենի Յացենյուկը, որի օգտին ինչ-որ փուլում պատրաստ էր քվեարկելու ընտրողների մոտ 10 տոկոսը։ Սակայն հետագայում նրա վարկանիշն անկում ապրեց, և այսօր նա զգալիորեն զիջում է ՈՒկրաինայի Ազգային բանկի նախկին նախագահ Սերգեյ Տիգիպկոյին։ Վերջինս հավակնում է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը նախագահական ընտրություններում ցանկացած թեկնածուի հաղթանակի դեպքում։ Եվ վերջապես, ինչ վերաբերում է գործող նախագահին, ապա Վիկտոր Յուշչենկոն ընդամենը 3-տոկոսանոց վարկանիշ ունի, որքան էլ այսօրվա պաշտոնական Կրեմլի ընդդիմախոս Բորիս Բերեզովսկին Լոնդոնից կոչ է անում աջակցել հենց նրան։ Այսպիսով, փորձագետների կանխատեսմամբ, մինչև հունվարի 17-ը ազգաբնակչության տրամադրություններում փոփոխություններ չեն լինի։ Ընտրությունների երկրորդ փուլն անխուսափելի է և այստեղ հայտնվելու ու միմյանց դեմ պայքարելու շանսեր ունեն նախկին ու ներկա վարչապետները` Վիկտոր Յանուկովիչն ու Յուլյա Տիմոշենկոն։
Անշուշտ, ուկրաինական ընտրություններում կարևոր է նաև աշխարհաքաղաքական բաղադրիչը։ Եվրամիության առանցքային երկրները` Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան պաշտոնապես հայտարարել են, որ չեն պատրաստվում աջակցելու թեկնածուներից և ոչ մեկին։ ԱՄՆ-ը կարծես հակված է պահպանելու հավասարակշռությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում, սակայն միաժամանակ համոզելու ՈՒկրաինային, որ վերջին տարիներին ընտրած նրա կողմնորոշումը ճիշտ է, մանավանդ որ ուկրաինական հասարակության լայն շերտերում դա դիտարկվում է իբրև ռուսական ազդեցությունը հակակշռելու իրական միջոց։ Ռուսաստանի պարագայում ամեն ինչ խճճված է։ Թեպետ պաշտոնական Մոսկվան հայտարարել է, որ պատրաստ է աշխատելու ցանկացած նախագահի հետ, ով կընտրվի, ամեն դեպքում այս ընտրությունները Ռուսաստանի համար առաջնային նշանակություն ունեն։ Առաջին հայացքից ինչպես Յանուկովիչը, այնպես էլ Տիմոշենկոն Կրեմլին ձեռնտու գործիչներ են, ինչն իր նախընտրական արշավում փորձում է օգտագործել Վիկտոր Յուշչենկոն։ Սակայն միաժամանակ այդ երկու թեկնածուներն էլ հայտարարում են, որ ՈՒկրաինան ինչպես եղել է, այնպես էլ պետք է մնա ոչ բլոկային պետություն և չպետք է ձգտի ինչպես ՆԱՏՕ, այնպես էլ ռուսական հովանու ներքո գործող ՀԱՊԿ։
Եվ այստեղ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի քանի բնութագրական հայտարարությունների վրա։ Պուտինի կողմից «շոյված» Տիմոշենկոն խոստացել է, որ նախագահ դառնալու դեպքում նվազեցնելու է ՈՒկրաինայի կախվածությունը հյուսիսային հարևանից` իրագործելով Սև ծովի ուկրաինական հատվածում գոյություն ունեցող գազի պաշարների շահագործման վաղուց գոյություն ունեցող ծրագիրը։ Դրանից շատ առաջ Յանուկովիչը հայտարարել էր, թե անհրաժեշտ է վերանայել գազային պայմանագրերը Ռուսաստանի հետ, քանի որ Մոսկվան սահմանել է ոչնչով չհիմնավորված բարձր գին, այն դեպքում, երբ ՈՒկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման համար սահմանված գումարը դրան համարժեք չէ։ Ռուսական ինքնագիտակցության համար վիրավորական են նաև Յանուկովիչի այն հայտարարությունները, թե Ղրիմը Ռուսաստանի կազմ վերադարձնելու այդ տարածաշրջանի կազմակերպությունների ջանքերը որևէ հիմք չունեն։ ՈՒ թեպետ նախկինում «Տարածաշրջանների կուսակցության» ղեկավարը հանդես էր գալիս ՈՒկրաինայում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալու օգտին, այսօր արդեն հայտարարում է, որ գործող սահմանադրությունը բավարար չափով պաշտպանում է ռուսալեզու բնակչության իրավունքները։ Ընտրվելու առավել հավանականություն ունեցող երկու թեկնածուներն էլ իրենց գործելաոճով փորձում են հավասարակշռություն պահպանել Ռուսաստանի և Արևմուտքի միջև ու այդ իմաստով գրեթե չեն տարբերվում միմյանցից։ Նրանք պատրաստ են շարունակելու եվրաինտեգրման գործընթացը և ցանկալի են համարում երկրի մշտական անդամակցությունը Եվրամիությանը։
Անկասկած, իրական վիճակը տարբեր է ցանկալիից, շատ ավելի բարդ, քան Արևմուտք-Արևելք կողմնորոշումները։ ՈՒկրաինան դեռևս պառակտված երկիր չէ, սակայն նրա բնակչության արևելյան հատվածը ռուսախոս է ու կողմնորոշված է դեպի Ռուսաստան, մինչդեռ կենտրոնական ու արևմտյան հատվածները ձգտում են դեպի Եվրոպա։ Ռուսաստանը, անշուշտ, կարող է վստահ լինել, որ ունի ՈՒկրաինայի բնակչության զգալի հատվածի աջակցությունը, բայց այդ զգալի հատվածը երբեք մեծամասնություն չի լինելու, իսկ կառավարող էլիտայի մակարդակում դա նույնիսկ փոքրամասնություն է։ Անկախությունն ՈՒկրաինայի յուրաքանչյուր իշխանության համար ենթադրում է առաջին հերթին անկախություն Ռուսաստանից, այդ իսկ պատճառով էլ, փորձագետների մեծամասնության կարծիքով, այս ընտրությունների արդյունքում ևս երկրի արտաքին քաղաքականության մեջ արմատական փոփոխություններ չեն լինի։ ՈՒկրաինան փորձելու է ամրապնդել իր անկախությունը` հիմնականում Ռուսաստանի և Արևմուտքի միջև հավասարակշռություն պահպանելու ճանապարհով։ Կիևը միանշանակ ընտրություն չի կատարելու և աշխատելու է առանձին հարցերի շուրջ պայմանավորվել Մոսկվայի, մեկ այլ խումբ հարցերի շուրջ` Արևմուտքի հետ։ Դա Յուլյա Տիմոշենկոյի քաղաքական գիծն է, որը ձևական իմաստով այսօր ասպարեզում հնչեցնում է Վիկտոր Յանուկովիչը։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1663

Մեկնաբանություններ